ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Պատերազմն Իրանում. ապրիլի 21

Պատերազմն Իրանում. ապրիլի 21
21.04.2026 | 16:35

Երկշաբաթյա զինադադարի ժամկետը լրանում է մի քանի ժամից՝ այս չորեքշաբթի։ Թրամփը հայտարարել է, որ զինադադարի վերականգնման հեռանկարը խիստ անհավանական է, և սպառնացել է «պայթեցնել ամբողջ երկիրը», եթե Իրանը համաձայնագիր չստորագրի ԱՄՆ-ի հետ։

Թրամփը նաև հայտարարել է, որ «չի շտապում» համաձայնագիր ստորագրել Իրանի հետ։ Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ Պակիստանում բանակցությունները շուտով կշարունակվեն, և ԱՄՆ պատվիրակությունը, Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, արդեն ճանապարհին է։

Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է, որ չի մասնակցի բանակցություններին հարձակումների վերսկսման սպառնալիքի տակ։ Թեհրանի համալսարանի պրոֆեսոր և իրանցի վերլուծաբան, պրոֆեսոր Մարանդին գրել է.

«Ես խորհուրդ եմ տալիս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին դատարկել ճամպրուկներն ու չմեկնել Իսլամաբադ։ Հաշվի առնելով ներկայիս զառանցագին ու անիրատեսական պահանջները և շարունակվող ծովային շրջափակումը՝ Թեհրանում ոչ ոք չի ցանկանում բանակցել նրա հետ»։

Հրադադարի ռեժիմը խախտվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը գնդակոծեց գրավված իրանական նավը, որը փորձում էր ճեղքել շրջափակումը։ Ի պատասխան՝ Իրանը կրակ բացեց ամերիկյան նավերի վրա և ետ դարձրեց ֆրանսիական նավը, որը փորձում էր անցնել Հորմուզով։

Չինաստանն անհանգստություն է հայտնել նավերի գրավման կապակցությամբ։ Չինաստանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ իրենց 48-րդ էսկորտային նավատորմը շարունակում է գործել Ադենի ծոցում։ Սա լուրերի տեղիք է տվել, որ Չինաստանը կարող է ռազմական ուղեկցություն տրամադրել Պարսից ծոցում գտնվող իր լցանավերին։ Պաշտոնական Պեկինը հերքել է այս լուրերը։

Թրամփը սպառնացել է ռմբակոծել իրանական էներգետիկ ենթակառուցվածքները։ Իրանը հայտարարել է, որ պատասխան հարված կհասցնի Պարսից ծոցի նավթային ենթակառուցվածքներին, ինչը կհանգեցնի հում նավթի համաշխարհային առևտրի 34%-ի վերացմանը, որի 90%-ը մատակարարվում է Ասիա։

Իրաքն ու Սիրիան դիտարկում են նավթի արտահանման նոր երթուղու բացման հնարավորությունը՝ շրջանցելով Պարսից ծոցը։

Հազարավոր չվերթներ են չեղարկվել ամբողջ աշխարհում այնպիսի ավիաընկերությունների կողմից, ինչպիսիք են Air Canada-ն, Scandinavian-ը, KLM-ը, United Airlines-ը և այլն։

Պահպանվում է Իրանում ցամաքային օպերացիայի հավանականությունը։ Տեղեկություններ են ստացվում, որ ԱՄՆ-ը շարունակում է ուժեր կուտակել Մերձավոր Արևելքում՝ խոշոր հարվածային ռազմածովային խմբավորում, որը բաղկացած է երեք ավիակրից, ավելի քան մեկ տասնյակ էսկադրային ականակիրներից և այլ ռազմանավերից։ Տարածաշրջանում նկատվում է հետախուզական գործունեության, ինչպես նաև ուժերի ու միջոցների տեղաշարժի ակտիվացում։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ